Ի՞նչ պատասխանատվության կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը, եթե չապահովի վճարային քարտով վճարումներ ընդունելու հնարավորություն:
մարտի 18, 2026
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:
Օրենքը տարածվում է Հայաuտանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների, oտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների վրա։
Օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված (գրավոր և բանավոր) և դրանց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում վճարում նախատեսող (փաստացի վճարված) գործարքների վրա:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաև օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաև վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում։
«Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: