Պարզաբանում

Ինչպե՞ս է հաշվարկվում ժամանակավոր անաշխատունակության նպաստը և ովքե՞ր իրավունք ունեն այն ստանալու:

մարտի 18, 2026
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է՝անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որնանձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
 
    «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքովսահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեն`
 
  1. Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք
  2. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
    Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած Այսինքն անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում անհատը վճարվում է նաև առաջին օրվա համար՝ միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
 
    Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
 
    Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
 
    Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
 
    Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով: